Լոռու Լուսաբանումներ։ Գուգարք Ճամբար

Լոռու Լուսաբանումներ։ Գուգարք Ճամբար

Թեև Լոռու մարզն առավել հայտնի է իր փարթամ կանաչապատ անտառներով, ձորերի, լեռների ու գետերի գեղատեսիլ տեսարաններով և հնագույն ճարտարապետական հուշարձաններով, Լոռիում կա մի վայր, որը սերունդներով գրավել է բազմաթիվ տեղաբնակ հայերի սրտերը․ Այդ վայրը «Գուգարք» ճամբարն է։ Այս ձեռնարկությունը դիմեց և մասնակցեց Զբոսաշրջության աջակցման կենտրոնի Զբոսաշրջության ինովացիոն ակադեմիայի եռամսյա ինկուբացիոն ծրագրին։ Մեզ համար հպարտություն էր ծանոթանալ նրանց պատմությանը և կիսվել դրանով։

«Գուգարք» ճամբարն ունի հարուստ պատմություն, որը ձգվում է 1930-ականներից ցայսօր, և նրա կանգուն լինելու հանգամանքը մեծապես կապված է 3 հիմնական բաղադրիչների հետ՝  1) ճամբարի զգույշ կառավարումը՝ որպես ընտանեկան բիզնես, 2) ճամբարի հարմարվողականությունը ժամանակի փոփոխություններին, և 3) տեղական համայնքի սիրալիր աջակցությունը։

«Գուգարք» ամառային ճամբարը գտնվում է Հայաստանի Լոռու մարզի Վահագնաձորում: Ավանդաբար, 1936 թվականից սկսած, երկաթուղային կայարանն էր միշտ ճամբարներ կազմակերպում: Ճամբարի գործունեության պատասխանատուն այսօր Լիլիթ և Վահե Խանամիրյաններն են, բայց բիզնեսը սերունդներ ի վեր ընտանեկան է: 1958 թվականից մինչ օրս այս տարածքը եղել է «Գուգարք» ամառային ճամբարի անցկացման վայրը, և ընտանիքը մտադիր է պահպանել այս ավանդույթը՝ 2002 թվականին ճամբարը սեփականաշնորհելով։

«Մեր ընտանիքի գրեթե բոլոր անդամները սերունդներ շարունակ երկաթուղու աշխատողներ են եղել»,- բացատրեց Լիլիթ Խանամիրյանը,- «անգամ երբ իմ տատիկն ու պապիկը դեռ ուսանողներ են եղել»:

Տարիներ շարունակ «Գուգարք» ամառային ճամբար են հաճախել երեխաներ Հայաստանի բոլոր ծայրերից և նույնիսկ հարևան երկրներից՝ Վրաստանից: Այն առաջարկում է ինչ-որ յուրահատուկ բան՝ միաժամանակ երեխաներին տալով գիտելիքներ, նոր փորձառություններ և, իհարկե, հարատև ընկերություններ:

«Մենք գիտենք, ինչպես զարգացնել ճամբարը, որպեսզի այն համահունչ լինի ժամանակին և շարունակի համապատասխանել այսօրվա երեխաների կարիքներին ու ցանկություններին»,- ասաց Լիլիթը:

Վահե Խանամիրյանը հավելեց. «Իմաստ չկա 10 օրում փորձել երեխաներին անգլերեն լեզուն սովորեցնել ։ Մենք նրանց առաջարկում ենք այնպիսի տեղեկատվություն, որը կօգնի նրանց ապագայում, ներառյալ՝ առաջին օգնությունը, գոյատևման հմտությունները, տարհանման հմտությունները և այլն»: Նրանք մտադիր են շարունակել առաջնորդվել այս մտածողությամբ, շեշտը հատկապես դնելով սպորտի և էքստրեմալ սպորտի վրա: Ըստ նրանց, հենց այստեղ են զետեղված կյանքի դասերը։ «Մենք ցանկանում ենք խրախուսել ակտիվ ապրելակերպը և այն դարձնել նրանց առօրյա կյանքի անբաժանելի մասը»։

Տարիների ընթացքում ճամբարին ավելացվել են նոր բաղադրիչներ։ Կամաց-կամաց ճամբարը ընդարձակվեց՝ նոր ճաշարանով, լողավազանով և ֆուտբոլի դաշտով: Եվ միայն ֆորս-մաժորային իրավիճակների դեպքում է ճամբարը ընդմիջել իր գործունեությունը: Սա տեղի է ունեցել, օրինակ, Վանաձորի երկրաշարժի, Արցախյան առաջին պատերազմի և վերջերս՝ COVID-19 համաճարակի հետևանքով։

Ճամբարի տարածքը բազմաթիվ վերանորոգումների է ենթարկվել։ «Մեզ համար շատ կարևոր է համայնքի տարածքը։ Մենք ցանկանում ենք, որ այս վայրը շարունակի անխափան գործել և կարողանանք հավելյալ զարգացնել այն»,- ասաց Լիլիթը: Նա ընդգծեց այն ցավալի միտումը, որով Լոռու մարզի երեխաներին ստիպում են ժամանցի և լավ ժամանակ անցկացնելու վայրեր գտնել մարզից դուրս: Լիլիթը կարծում է, որ Լոռիում սպասարկման ոլորտը դեռ շատ թույլ է և արդիականացման կարիք ունի։ Նրա խոսքով, շատ քիչ կազմակերպություններ կան, որոնք իսկապես հաճախորդակենտրոն են:

«Մենք շատ անհատականացված և անձնավորված ենք, և այդպես ենք եղել սերունդներ շարունակ: Որովհետև մենք բախտավոր ենք այդ փորձն ունենալու համար: Մենք գիտենք՝ ինչպես ուրախ պահել մեր հաճախորդներին»։

Նրա համար ճամբարի չափանիշների պահպանումը նշանակում է նպաստել տարածաշրջանում սպասարկման ոլորտի ընդհանուր զարգացմանը: «Գուգարքի» ճամբարն առաջարկում է զվարճանքի մի տարածք՝ իր դռները բացելով բոլոր տեսակի հյուրերի և այցելուների առաջ: Նրանց ծառայությունները ներառում են խորովածի և խարույկի կազմակերպում, ֆիլմերի ցուցադրություն և փեյնթբոլ:

Այժմ ընտանիքը՝ իր եկամտի հոսքերը դիվերսիֆիկացնելու երկարաժամկետ նպատակներ ունի՝ կրկին հավատարիմ մնալով համապատասխանության գաղափարին: Առաջիկա բլոգային գրառման մեջ մենք կանդրադառնանք, թե ինչպիսի՞ դերակատարում է ունեցել Զբոսաշրջության ինովացիոն ակադեմիան նրանց ապագա ծրագրերում: Մնացե՛ք մեզ հետ։

Leave Comment