Առաջարկում ենք մի փոքր ծանոթանալ Հայաստանի Հանրապետության երկրորդ ամենամեծ քաղաքի՝ Գյումրիի հետ։ Շիրակի մարզի զարդը տարիների ընթացքում մի քանի անվանում է ունեցել՝ Կումայրի, Ալեքսանդրապոլ և Լենինական։ Բացի այդ, Գյումրիում է տեղակայված Հայաստանում գործող երկրորդ միջազգային օդանավակայանը՝ Զվարթնոցից զատ։
Բացի տեսանելի գեղեցկությունից, այս քաղաքն ունի նաև այլ արժեքներ, քանզի այն ծննդավայր է հանդիսացել Հայաստանի ամենատաղանդավոր անհատների համար՝ ներառյալ հանրահայտ դերասաններ, երգիծաբաններ և օլիմպիական չեմպիոններ։ Պատմականորեն այն հայտնի է որպես Հայաստանի մշակութային մայրաքաղաք, որն ունի 19-րդ դարից պահպանված ճարտարապետություն, թանգարաններ և ցուցասրահներ, որոնք յուրահատուկ շունչ են հաղորդում քաղաքին, դրա պատմություններին և այնտեղ ապրող մարդկանց։
Այս հնամենի քաղաքն ունի ամեն ինչ՝ եկեղեցիներ, արձաններ, խճանկարներով զարդարված փողոցներ, հուշարձաններ։ Ամեն քայլափոխին կգտնեք ամենահամեղ և մաքուր խմելու ջրով ցայտաղբյուրներ։ Մարդիկ շատ ջերմ են, հյուրասեր և մեծահոգի, և մեծ հպարտությամբ են պահպանում իրենց ազգային ավանդույթներն ու արժեքները։
Գյումրիում կան մի քանի տեսարժան վայրեր, որոնք պարտադիր պետք է այցելել։ Օրինակ՝ երկրի ամենահին գարեջրի գործարաններից մեկը՝ Գյումրի գարեջրատունը, որը հիմնվել է 1898 թվականին և այժմ բաց է հանրության համար։ Այցելելիս դուք կարող եք փորձել գարեջրի համը պատրաստման տարբեր փուլերում։
Մյուս տեսարժան վայրը Սև բերդն է, որը կառուցվել է 1834-1847՝ ռուս-թուրքական պատերազմից հետո, և իրենից ներկայացնում է գմբեթավոր ռուսական արքայական ամրոց։ Այն համարվում է ազգային մշակութային կոթող և հուշարձան, որը վեր է խոյանում քաղաքի վրա և հանդիսանում այցի ևս մեկ պատճառ։
Գյումրին թանգարանների պակաս ևս չունի։ Ամենահայտնիներից են քանդակագործ Սերգեյ Մերկուրովի, բանաստեղծ Ավետիք Իսահակայանի, դերասան Մհեր Մկրտչյանի և Ասլամազյան քույրերի տուն-թանգարանները։
Տեղական խոհանոցը լի է ազգային ուտեստներով՝ ապուրներից մինչև քաղցրավենիքներ, որոնք մատուցվում են Ռիժկով փողոցի վրա գտնվող բազում ռեստորաններում և կրպակներում։ Հանրահայտ սննդի կետերից է Չերկեզի ձորը, որն ունի թարմ և համեղ ձկների մեծ տեսականի։ Քաղցրավենիքից անպայման խորհուրդ կտանք փորձել տեղական փախլավան, յաղլին (տապակած խմոր պատված փոշիացված շաքարավազով), նաև քաղցր, շաքարային կարագի պես հալվող կարկանդաները (շաքար-լոխում)։
Ստամոքսը հագեցնելուց հետո կարող եք զբոսնել քաղաքով և այցելել բացօթյա շուկան, որտեղից կարող եք գնել տեղական մթերքներ, համեմունքներ և չրեր։ Հետիոտնային Ռիժկով փողոցում կգտնվեք ամեն տեսակի հուշանվերներ, ներառյալ փայտից և քարից փորագրություններ, կտավներ և շատ ավելին։ Գյումրին զբոսնելու, բացահայտելու և քաղաքին սիրահարվելու հրաշալի վայր է։