Ուրախությամբ հայտնում ենք, որ եզրափակեցինք ։Զբոսաշրջության ինովացիոն ակամեդիա” ծրագրի առաջին փուլը, որը կյանքի է կոչվում Եվրոպական միության “ԵՄ-ն բիզնեսի համար” նախաձեռնության “Նորարարական տուրիզմ Հայաստանի համար” ծրագրի, Զբոսաշրջության աջակցման կենտրոնի և Իմփաքթ հաբ Երևանի շնորհիվ։
Վերջին մի քանի շաբաթվա ընթացքում մեր թիմի անդամները այցելեցին Հայաստանի երեք հյուսիսային մարզերը՝ Լոռին, Տավուշը և Շիրակը, և այնտեղ կազմակերպեցին Գաղափարների մշակման և հաստատման երկօրյա դասընթացներ։ Մասնակիցները զբոսաշրջության ոլոտրի ներկայացուցիչներ էին, ովքեր ունեն նորարարական գաղափարներ ոլորտը խթանելու համար։
Մասնակիցները խորապես ուսումնասիրեցին գաղափարների հաստատման գործընթացը, ծանոթացան հաջողված օրինակների հետ, սովորեցին հաճախորդների հետ աշխատելու գործիքակազմերը, ինչպես նաև նոր կապեր հաստատեցին իրենց ոլորտի ներկայացուցիչների հետ։
Բոլոր երեք մարզերում հրաշալի միջոցառումներ ունեցանք։ Դիլիջանում մեզ հյուրընկալեց UWC դպրոցը, Գյումրիում՝ Լոֆթը, իսկ Վանաձորում՝ Տեխնոլոգիական կենտրոնը։ Մասնակից թիմերը հնարավորություն ստացան ներկայացնել իրենց նախագծերը, ուսումնասիրել բիզնես կանվասի ձևաչափը և խմբային աշխատանքներ կատարել։
Այս ոգեշնչող փորձառությունը ևս մեկ քայլով մոտեցրեց մեզ մեր վերջնական նպաատակին՝ զարգացնել ինովացիոն զբոսաշրջությունը։ Այդ գործում մեզ օգնեցին մեր երկու խոսնակներն ու դասընթացավարները՝ Սուրեն Մխիթարյանը և Արման Խաչատրյանը։
Սուրենն ունի ավելի քան 8 տարվա փորձ սոցիալական ձեռներեցության, սոցիալական հասարակության, ձեռներեցային կրթության և թրեյնինգների ոլորտում։ Նա ունի հմտությունների և գիտելիքների ողջ գործիքակազմը, որն անհրաժեշտ է մեր մասնակիցներին իրենց տրված հնարավորություններից առավելագույնս օգտվելու համար։
Դասընթացի իր հատվածը գաղափարի հաստատմանն էր վերաբերվում և Սուրենը քննարկեց նախատիպավորման և վալիդացիայի մեթոդներն ու տեսությունները։
Արման Խաչատրյանը ունի ավելի քան տասը տարվա փորձ նախագծերի կառավարման ոլորտում։ Նա աշխատել է կայուն զարգացման, ինքնավերականգնվող էներգիայի, միջավայրի զարգացման, կրթական և բազում այլ ոլորտների նախագծերում։
Ներկայումս նա զբաղվում է միջազգային ընկերությունների ՏՏ նախագծերի մենեջմենթով և իր աշխատանքային ոլորտները կրթական, զբոսաշրջային, ցանցային անվտանգության և այլ ուղղվածություններ ունեն։ Գաղափարների մշակման մեր դասընթացի ընթացքում Արմանը կիսվեց իր գիտելիքներով գաղափարների ստեղծման գործընթացից։
Վերջին մի քանի հանգստյան օրերը լի էին ուսումնական գործընթացներով և կապեր ստեղծելու հնարավորություններով, և մենք անչափ ոգևորված ենք, որ ծանոթանացանք բոլոր մասնակիցների առաջարկների հետ։ Վստահ ենք, որ այդ նորարարական գաղափարները հենց այն պակասող բաղադրիչներն են, որ կվերհանեն զբոսաշրջության ոլորտը դեպի ավելի բարձր մակարդակ։
Նույն ոգևորվածությամբ և էնտուզիազմով պատրաստվում ենք օգնել մեր մասնակիցներին պլանավորել իրենց հաջորդ քայլերը “Զբոսաշրջության ինովացիոն ակադեմիա” ծրագրի գալիք փուլերում, որ իրականացվելու են “Նորարարական զբոսաշրջություն և տեխնոլոգիաների զարգացում Հայաստանի համար” ծրագրի շրջանակներում։
Ինովացիոն զբոսաշրջության ոլորտում խոստումնալից փոփոխություններ են սպասվում և մենք հպարտ ենք այդ ամենի մի մասը լինել։ Մեր հաջորդ քայլը զբոսաշրջության ոլորտի սկսնակ նախագծերի համար նախաստեսված ինկուբացիոն ծրագիրն է լինելու։
Հետևե՛ք մեզ և տեղեկաց՛ք բոլոր նորությունների մասին։